«Կենդանի շփմանը ոչինչ չի կարող փոխարինել, այդ առումով անչափելի է վնասը»
24.03.2020 | 01:26
Մշակութային կյանքը առցանց տիրույթում հետաքրքիր ուղեծիր է ձեռք բերել: Մի կողմից փակվում են նախապես պլանավորված ցուցադրությունները, փառատոները, այլևայլ միջոցառումները, մյուս կողմից՝ ստեղծվում են արվեստին ու մշակույթին հաղորդակցվելու նոր հարթակներ ու հնարավորություններ: Արվեստասերները կարող են առցանց շրջել Մետրոպոլիտենի, Լուվրի և շատ այլ թանգարաններում, Վերսալի պալատում, տեսնել Ֆրիդա Կալոյի ինտերակտիվ ցուցահանդեսը, լսել առցանց համերգներ, դիտել ներկայացումներ: Մեծապես խրախուսվում է նաև ընթերցանությունը: Վիրտուալ այս անցուդարձից անմասն չի մնացել նաև Հայաստանը: Ստեղծված իրավիճակից ելնելով՝ ՀՀ ԿԳՄՍ-ն ստեղծել է «Տնից թանգարան և գրադարան» առցանց նախագիծը՝ թանգարաններին, մշակութային հաստատություններին հնարավորություն տալով ինքնակազմակերպվելու և հեռահար ծրագրեր իրականացնելու: «Իրատեսը» փորձել է պարզել՝ ինչ են առաջարկում այս օրերին հայաստանյան գրաշուկան ու մշակութային հաստատությունները:
«ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԿԱՐԳ ՈՒ ԿԱՆՈՆ ՊԱՀՊԱՆԵԼՆ Է»
ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ( ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար )
-Ի՞նչ է արվում չկորցնելու համար հանդիսատես-թատրոն կապը, առհասարակ, մարդկանց ինտելեկտուալ ժամանցը կազմակերպելու, մշակութային աշխույժը ապահովելու համար:
-Նախ և առաջ նման իրավիճակում ամենամեծ մշակույթը կարգ ու կանոն պահպանելն է, որ ամեն քաղաքացի կատարի իր պարտականությունները: Եթե մենք մեզ չհետևենք, չմտածենք մեր մասին, կտուժեն բոլորը: Ի վերջո, հասարակությունը անհատներից է կազմված: Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակին, պետք է չխախտել սահմանված ժամկետը, բայց միաժամանակ, այդ ընթացքում, հարկ է ծրագրեր մշակել, որովհետև նոր իրավիճակը նոր գործելակերպ է պարտադրում: Ի վերջո, երբ այս ճգնաժամն ավարտվի, շարունակելու ենք մեր աշխատանքը, բայց մի փոքր այլ ծրագրով: Պետք է մտածել ավելի կամերային ներկայացումների մասին, որ դերակատարների թիվը շատ չլինի: Արդեն պրպտում եմ գործեր, որտեղ երկու, երեք կամ չորս դերակատար են պահանջվում: Եթե շաբաթը երկու կամ երեք կամերային ներկայացումներ լինեն, ինչը մեծ թատրոնի պարագայում ենթադրում է 50-60 հանդիսատես, այդպես կպահենք թատրոն-հանդիսատես կապը: Ամենակարևորն այն է, որ մեր հանդիսատեսը և արվեստի, մշակույթի գործիչները համատեղ գործունեություն ծավալեն, որովհետև, կրկնում եմ, առանձին ոչինչ չի ստացվի:
-Վանաձորի դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջում բավականին հետաքրքիր նյութեր են հրապարակվում՝ հատվածներ ներկայացումներից, ֆիլմերից, որտեղ խաղացել են Վանաձորի թատրոնի դերասանները, արխիվային լուսանկարներ, հարցազրույցներ, հոդվածներ, Աբելյանի մտքերից և այլն: Այս օրերին որոշ թատրոններ նաև հեռարձակում են առցանց ներկայացումներ: Հանդես գալու՞ եք նման նախաձեռնությամբ:
-Ես էլ եմ մտածում այդ մասին, որ մարդիկ տանը նստած կարող են ներկայացում նայել: Մենք ունենք տեսագրված ներկայացումներ, ես պետք է դիտեմ դրանք, տեսնեմ՝ ինչ որակի են: (Մեր զրույցից հետո երեկ հեռարձակվել է Շեքսպիրի «Արքա Լիրը» -Ա.Ս.)
-Նպատակահարմա՞ր է բեմադրությունը հանդիսատեսին հասցնելու այդ կերպը:
-Գիտե՞ք ինչ, սա մի քիչ վիճելի հարց է, կարելի է և՛ անել, և՛ չանել: Եթե մենք մեր ունեցած ներկայացումները առցանց ներկայացնում ենք, բնական է, վաղը, մյուս օրը այդ նույն ներկայացումը դժվար կլինի խաղալ թատրոնում, որովհետև հանդիսատեսը կասի՝ ես արդեն նայել եմ: Կարծում եմ՝ կարելի է հեռարձակել այն բեմադրությունների տեսագրությունը, որոնք արդեն տասնամյակների պատմություն ունեն, և ոչ թե վերջին տարիների առաջնախաղերը:
-Ի՞նչ վնասներ է կրում թատրոնն այս իրավիճակում: Փատորեն հետաձգվում են խաղացանկային ներկայացումները: Ձեր թատրոնի դեպքում նաև տնօրենի ընտրությունը հետաձգվեց:
-Իհարկե, մեր շատ ծրագրեր հետաձգվում են, օրինակ, Երևանում պետք է ցուցադրեինք «Անուշը», «Արմմոնո» փառատոնի շրջանակում՝ Նարեկացու «Մատյան ողբերգության» հիման վրա բեմադրված մոնո ներկայացումը, բայց հետաձգվեցին: ՈՒղղակի պետք է կարողանանք ճկուն մտածողությամբ առաջնորդվել, որ այս հետաձգումները չվնասեն մեր ստեղծագործական որակին:
«ԱՄԵՆ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԻՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ»
ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն)
-Ճգնաժամային իրավիճակներում կարծես մշակույթը hետին պլան է մղվում, բայց երբ մի փոքր ուշքի ենք գալիս, դիմում ենք մշակույթի օգնությանը: Ամբողջ աշխարհում առցանց հարթակներում ուշագրավ ու անվճար միջոցառումներ են կազմակերպվում՝ ցուցահանդեսներ և այլն: Ի՞նչ են անում այս առումով հայաստանյան թանգարանները:
-Ստեղծված իրավիճակում, նախարարության համապատասխան ստորաբաժանման նախաձեռնությամբ, հնարավորինս արագ կազմակերպվեցինք: Ստեղծվեց թանգարանների տնօրենների շփումն ապահովող վայբեր-հավելված, նաև գործարկվեց «Տնից թանգարան և գրադարան» նախագիծը, մենք էլ աստիճանաբար ընտելացանք այդ հեռավար գործունեությանը: Յուրաքանչյուր թանգարան հեռավար ներկայացնում է իր ցուցադրությունը, տարբեր հեղինակների վերաբերյալ խաղ-մրցույթներ, անցկացնում է բաց դասեր, նաև մշակվում են ինքնատիպ նոր առաջարկներ, ծրագրեր և ներկայացվում նշածս էջում:
-Վիրտուալ թանգարան ասվածը մինչ այս էլ կար, կայի՞ն դիտումներ մինչ այս և այսօր արդեն առաջընթաց նկատվո՞ւմ է այցելությունների առումով:
-Առաջընթաց դեռ նկատելի չէ, որովհետև լայն շրջանակները նոր են իմանում այդ հարթակի մասին, բայց իրավիճակը, եթե Աստված չանի, երկարի, կարծում եմ դիտումները, արձագանքները ավելի կշատանան:
-Մտավախություն չունե՞ք, որ վիրտուալ շրջայցից հետո մարդիկ էլ չենք ցանկանա իրականում այցելել թանգարան:
-Իհարկե՝ ոչ: Այս կամ այն թանգարանի ամբողջ հարստությունը, հմայքը, հրապույրը անհնար է ցուցադրել վիրտուալ ճանապարհով: Ընդամենը կարելի է ներկայացնել, ավելի գայթակղիչ դարձնել թանգարանը, որ արտակարգ իրավիճակից հետո այցելություններն ավելի շատ լինեն:
-Վիրտուալ ակտիվությունը նաև հանրության հետ կապը պահելու միջոց է:
-Անպայման: Տեսեք մենք ինչ ենք արել, որպեսզի ցաքուցրիվ չլինի ցուցադրությունը, որոշեցինք անդրադառնալ տարվա հոբելյարներին: Մանավանդ որ մեր ցուցադրությունը բազմազան է ՝ գրականություն, թատրոն կինո, երաժշտություն, եթե ցաքուցրիվ ներկայացնեք, տեղեկատվական հեղեղ կտիրեր, և դիտողը չէր հասցնի մարսել այդ ամենը: Սկսել ենք Խաչիկ Դաշտենցից, ում ծննդյան 110-ամյակն է լրանում 2020-ին: Այս օրերին երեք անգամ եղա հանրային ռադիոյում, երեք զրույց ունեցա, առաջին մասում ներկայացրել եմ Դաշտենցի կյանքն ու ստեղծագործական, մանկավարժական գործունեությունը, երկրորդում՝ թարգմանական գործունեությունը, երրորդում՝ վեպերը: Առցանց տիրույթում մաս-մաս ներկայացնում ենք հաղորդումը, նաև լուսանկարներ ենք հրապարակում՝ տեքստերով ուղեկցվող: Տեքստերը քաղված են իմ «Կորուսյալ երկրի բանասացը» գրքից: Դաշտենցը (և ոչ միայն) դասագրքերում ներկայացված է թռուցիկ, թեև վաստակը անչափելի է: Կրթական ծրագրերի ժամաքանակը սահմանափակ է, մենք այս հարթակում կփորձենք առաջիկա 10-15 օրերին հանգամանալի ներկայացնել Խաչիկ Դաշտենցին, հետո կանցնենք մյուս հոբելյարներին:
-Խոսենք վնասի մասին, որ այս ճգնաժամային իրավիճակում կրելու են մշակութային հաստատությունները:
-Վնասներն անչափելի են: Թողնենք մի կողմ ֆինանսական կողմը, որովհետև այս տարի պետք է ապահովեինք 360 միջոցառում և ամեն ինչ ծրագրել էինք դեռևս անցած տարիներից, ինչպես որ կարգն է: Իսկ մեր միջոցառումները, դուք ինքներդ էլ պարբերաբեր մասնակցում եք, գիտեք, թե որքան ջերմ ու մարդաշատ են անցնում: Կենդանի շփմանը ոչինչ չի կարող փոխարինել, այդ առումով՝ անչափելի է վնասը: Շատ միջոցառումներ, որ արդեն ծրագրել էինք, սցենարներով, գրական-գեղարվեստական մասով, հետաձգվեցին, ու սպասում ենք այս մղձավանջի ավարտին:
«ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՆՎՃԱՐ ԱՌԱՔՈՒՄՆԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ»
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ («Էդիթ պրինտ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու)
-Ի՞նչ են անում պարտադիր արձակուրդի օրերին հրատարակիչները:
-Պարտադիր արձակուրդի օրերին շարունակում ենք աշխատել, բայց հեռահար ռեժիմով: Մեր բոլոր աշխատակիցները թեև տանն են, սակայն պարբերական կապի մեջ են միմյանց հետ: Շարունակում ենք թարգմանել, խմբագրել, գրքերի դիզայններ անել: Շարունակում ենք պլանավորման գործընթացները՝ որ գիրքը որ ժամանակաշրջանում տպագրենք, շարունակում ենք նոր գրքերի փնտրտուքը: Շարունակում ենք սոցցանցերի միջոցով հանրությանը ներկայացնել մեր գրքերը:
-Շատերի համար տանը մնալը, պարտադրված արձակուրդը առիթ է գիրք կարդալու: Ի՞նչ եք անում գիրքը ընթերցողին ավելի հասանելի դարձնելու համար:
-Գիրքն ընթերցողին էլ ավելի հասանելի դարձնելու համար ամենօրյա ռեժիմով սոցցանցերում ներկայացնում ենք մեր լույս ընծայած գրքերի տեսականին, բացի այդ, այս պահին իրականացնում ենք անվճար առաքումներ հանրապետության ողջ տարածքում: Ընդ որում՝ ամբողջ տեսականին զեղչել ենք 15 տոկոսով:
-Կա՞ պահանջարկ նոր գիրք կարդալու, թե՞ կարդում են այն, ինչ կա ձեռքի տակ:
-Հրատարակչության ֆեյսբուքյան էջին պարբերաբար նամակներ են գրում, ինչը փաստում է, որ ոչ միայն կարդում են այն, ինչ ձեռքի տակ է, այլև պատվիրում են իրենց ցանկացած գրքերը: Եվ մեր առաքիչները հնարավորինս արագ հասցնում են դրանք ընթերցողին:
-Էլեկտրոնային գրքերը գուցե պետք է ավելի՞ հանրայնացնել: Թե՞ մեր ընթերցողը դեռ պատրաստ չէ վճարելու էլեկտրոնային գրքի համար:
-Մեր հրատարակչությունն իր կայքում բազում էլեկտրոնային գրքեր է տեղադրել, և առաջարկում է դրանք ձեռք բերել: Սակայն պետք է ասել, որ մեր ընթերցողը պատրաստ չէ վճարելու էլեկտրոնային գրքի համար, նախընտրում են ինչ-որ տեղից փնտրել գրքի լուսանկարած տարբերակը: Ավելին՝ մեր ընթերցողները հաճախ են տարածում գրքերի PDF-ները կամ լուսանկարած տարբերակները, չունենալով դրանք տարածելու իրավունք, ինչը, իսկապես, խնդիր է:
-Քամյուիի «ժանտախտը» վեպի վաճառքի ցուցանիշը աճել է Չինաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում: Մեզ մոտ կարծեք նման տենդենց չկա: Այնուամենայնիվ, այս օրերին, նկատե՞լ եք՝ հատկապես ինչ ժանրի գրականություն են նախընտրում ընթերցասերները:
-Դատելով մեզ ուղղված նամակներից ու պատվերներից` պետք է ասենք, որ այս պահին ընթերցողները շատ են գնում Էրիխ Մարիա Ռեմարկի, Ջոն Գրինի, Դավիթ Սամվելյանի գրքերը, Ագաթա Քրիստիի դետեկտիվները, Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը», ՈՒիլյամ Ռեմփելի «Խաղացողը», Ջոնաթան Քոնլինի «Պարոն հինգ տոկոսը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», մանուկների համար գրականություն և այլն:
Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
- Պատմության վկաները
- Վերացող ծաղիկներ
- Ձեռք մեկնելու գաղափարը առաքելության վերածվեց
- «Մի նայեք, որ փոքր է մեր երկիրը, եթե արդուկով այս սարերը հարթեցնեք, Չինաստանից մեծ կլինի»
- «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
- «Դրսից մեզ վրա կարող են ազդել միայն ներսի գործիքներով»
- «Երեսուն տարի ձգվեց մեր անկախության պատմությունը, մենք շահեցի՞նք»
- Մշակույթը հեռվից հեռու պահպանելու հույսով
- Անիմացիան, աշխարհն ու մենք
- «Մեր տարածքները փոքրացան, որովհետև այդպես էլ չհասկացանք, որ պետք է խմենք մեր բաժակով»
- Արվեստի ուժը
- Նոր մատենաշարը ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների
- Բեմը կենդանություն է ստանում առայժմ միայն մանուկների համար
- «Գիրք սիրողների համար սա իսկական մկնդեղ է` հյութեղ ու անտանելի»
- Համաշխարհային դասականների ստեղծագործությունները՝ դուդուկով
- «Բնակչությունը պատրաստ չէ, բայց տարվում են աշխատանքներ»
- Ամանորի գիշերը դիմավորելու են եկեղեցում
- «Ջազի մեջ զգացվում է ապրածդ ժամանակաշրջանը»
- «Եթե չլիներ Փելեշյանը, կարծում եմ, դեռևս գտած չէի լինի կինոյում իմ ուղին»
- «Հուշարձաններն այդ տարածքների պատկանելության անձնագրերն են»
Մեկնաբանություններ